Ժոզե Մոուրինյուն, որը հաջորդ մրցաշրջանից կդառնա իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչը, հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Corriere della Sera-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, Մոուրինյուն մտադիր է փոխարինող գտնել հռոմեացիների ներկայիս դարպասապահ Պաու Լոպեսին։ Ընդ որում, Ռոբին Օլսենի հետ, որը կվերադառնա «Էվերթոնի» վարձակալությունից, պորտուգալացի մասնագետը հույսեր չի կապում։ Մասնագետը հույս ունի, որ ակումբը կկարողանա պայմանագիր կնքել Դե Խեայի հետ։
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա Դե Խեան 32 հանդիպման է մասնակցել, որոնցում բաց է թողել 39 գնդակ ու 12 անգամ էլ դարպասն անառիկ է պահել։
Ապրիլին հաղորդվում էր, որ մանկունիացիները կարող են իսպանացի ֆուտբոլիստին վարձակալությամբ մեկ այլ թիմի տրամադրել։ Այս տարբերակը ձեռնտու կլինի երկու կողմերի համար էլ, քանի որ Դավիդն ավելի շատ խաղաժամանակ կստանա, իսկ ակումբը կկարողանա մասնակիորեն նվազեցնել պայմանագրով սահմանված վճարները։