Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Սեբաստյան Կելը հայտնել է, որ հարձակվող Էրլինգ Հոլանդը հաջորդ մրցաշրջանում ևս կմնա թիմում։
«Ես հասկանում եմ, որ Հոլանդը կխաղա «Բորուսիայում» նոր մրցաշրջանում։ Նա միանգամայն համաձայն է։ Ես ամեն օր տեսնում եմ նրան ու կարող եմ ասել, որ նա իրեն ամբողջովին նույնականացնում է ակումբի հետ»,- Կելի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հոլանդի հայրն ու գործակալ Մինո Ռայոլան բանակցություններ են վարել «Բարսելոնայի» և «Ռեալի», ինչպես նաև անգլիական մի քանի ակումբների հետ։
Էրլինգը «Բորուսիա» է տեղափոխվել 2020 թվականի հունվարին «ՌԲ Զալցբուրգից»։ Նորվեգացու պայմանագիրը դորտմունդցիների հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 110 մլն եվրո է գնահատում։ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը 26 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 25 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։