«Լիվերպուլի» լեգենդար պաշտպան Ջեյմի Կարագերը հայտարարել է, որ մերսիսայդցիները պետք է վաճառեն երեք հարձակվողներից մեկին՝ Մոհամեդ Սալահին, Ռոբերտո Ֆիրմինոյին կամ Սադիո Մանեին։
«Երկրպագուներն ու մասնագետները խոսում էին այն մասին, որ «Լիվերպուլի» հարձակման եռյակը լավ մարզավիճակում չէ, բայց արդեն շատ ժամանակ է անցել, որպեսզի դա օգտագործվի որպես փաստարկ։
Մարդիկ շարունակում են խոսել «Լիվերպուլի»՝ պաշտպանության կենտրոնում ունեցած խնդիրների մասին, բայց գլխավոր խնդիրը դաշտի մեկ այլ հատվածում է։ Թե՛ Վիրջիլ վան Դեյկը, թե՛ Ջո Գոմեսը հաջորդ մրցաշրջանում շարք կվերադառնան։ Իսկ հարձակման հայտնի եռյակը դեռ տեղում է։
Կարմիրներն այս մրցաշրջանում նաև լրացուցիչ բոնուս ստացան՝ Դիեգո Ժոտայի տեսքով, որը միանգամից մի քանի կարևոր գոլ խփեց, բայց դեռ կես տարի առաջ էի ես ասել, որ այդ հայտնի եռյակին պետք է բաժանել, քանի որ հարձակման ոչ մի եռյակ այսքան երկար միասին չի լինում։
«Լիվերպուլի» եռյակն արդեն 4-5 տարի է՝ միասին է, այնպես որ ամռանը այն պետք է բաժանել։ Սալահը, Մանեն ու Ֆիրմինոն հիանալի էին, բայց հիմա նրանք այն փուլում են, որ ինչ-որ այլ բանի կարիք ունեն»,- Կարագերի խոսքերն է փոխանցում Liverpool Echo-ն։
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Մոհամեդ Սալահը 20 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել, Սադիո Մանեն գոլ+փոխանցում համակարգում 13 միավոր ունի (8+5), Ֆիրմինոն դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
«Լիվերպուլը» 33 խաղից հետո 54 միավոր է վաստակել ու ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ չորրորդ տեղում ընթացող «Չելսիին» զիջելով 4 միավորով։