Իսպանական Պրիմերայի 33-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել է «Գրանադային»: Հանդիպումը կայացել է «Կամպ Նոու» մարզադաշտում և ավարտվել տանտերերի՝ 1-2 հաշվով պարտությամբ:
Հանդիպման հաշիվը խաղի 23-րդ րոպեին բացել է կատալոնական ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին՝ խփելով ընթացիկ մրցաշրջանում իր 26-րդ գոլը: Ռմբարկուների մրցավազքում Մեսսին այժմ 5 գոլով է գերազանցում «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային:
63-րդ րոպեին «Գրանադան» հավասարեցրել է հաշիվը, գոլի հեղինակ դարձավ Դարվին Մաչիսը: Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը, հավանաբար կասկածի տակ դնելով գոլի՝ խաղից դուրս վիճակում լինելը, կոպիտ արտահայտվեց գլխավոր մրցավարի հասցեին ու կարմիր քարտով հեռացվեց տեխնիական գոտուց:
10 րոպե անց «Գրանադան» առաջ է անցել հաշվի մեջ. Խորխե Մոլինան գրավել է կապտանռնագույնների դարպասն ու առաջ մղել իր թիմին՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը:
«Բարսելոնան» Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ վաստակելով 71 միավոր: «Գրանադան» 8-րդ տեղում է՝ 45 միավորով: Առաջատարը Մադրիդի «Ատլետիկոն» է՝ 73 միավորով: