VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունն աննախադեպ է: Երեկ կայացած 20-րդ տուրից հետո նոր թափ առավ չեմպիոնական պայքարն՝ առաջնության ավարտից 6 տուր առաջ: Մինչև մրցաշարային աղյուսակին անդրադառնալը վերհիշենք վերջին տուրի արդյունքները:
20-րդ տուրն աչքի ընկավ արդյունավետությամբ: Տեղի ունեցած 4 խաղում խփվեց 12 գոլ: Ամենագոլառատ խաղը կայացավ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ «Նոան» գերկամային հաղթանակի հասավ «Արարատի» նկատմամբ՝ 0:2 հաշվով պարտվելուց հետո հաղթելով 3:2: Երկու խաղում հաղթանակ տարան տանտերերը, մյուս երկուսում՝ հյուրերը: Այս տուրում գոլ չխփեցին միայն «Վանն» ու «Ուրարտուն»:
Առաջնության ավարտից 6 տուր առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորող «Ալաշկերտն» ունի 33 միավոր: «Դեղիններին» հաջորդող միանգամից 3 թիմ ունեն 31-ական միավոր, իսկ 5-րդ տեղում ընթացող «Ուրարտուն» իր ակտիվում ունի 24 միավոր, սակայն վերջինս առաջատար թիմերի համեմատ 2 խաղ պակաս է անցկացրել, և 3 խաղ պակաս 3-րդ տեղում գտնվող «Նոայից»: Անխոս, չեմպիոնական պայքարի մեջ կլիներ նաև Վանաձորի «Լոռին», որը նախորդ ամիս դադարեցրեց ելույթները Բարձրագույն խմբում և ընթանում էր 3-րդ տեղում:
Այսպիսի տեսք ունի մրցաշարային աղյուսակը 20-րդ տուրից հետո:
Ձմեռային դադարից հետո հաճելիորեն զարմացնում է ետնապահ «Շիրակը»: Տիգրան Դավթյանի թիմը վերջին տուրերում միավորներ խլելով խառնեց մրցաշարային աղյուսակի վերևի հատվածում գտնվող թիմերի պլանները:
Գյումրեցիներն առաջնության գարնանային հատվածում մեկական միավոր վաստակեցին «Ալաշկերտի» հետ երկու խաղերում: Երկու խաղերում էլ դարպասի գրավում չի արձանագրվել: Մինչև այդ էլ Շիրակի մարզը ներկայացնող թիմը գոլազուրկ ոչ-ոքի էր խաղացել «Վանի» հետ, այնուհետև 2:2 հաշվով ավարտել հանդիպումը գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ: Երեկ կայացած 20-րդ տուրի խաղում էլ գյումրեցիները կարող էին տհաճ իրավիճակ ստեղծել գործող չեմպիոնների համար, սակայն երևանյան թիմը կարողացավ հաղթանակի հասնել 2:1 հաշվով:
Վերջին խաղերում արդյունավետությամբ է աչքի ընկնում նաև «Փյունիկը»: Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ երևանյան թիմն առաջնությունում անցկացրած 6 խաղում պարտվել է միայն 2-ում («Արարատ-Արմենիային»՝ 1:2 և «Նոային» 0:1), տարել է 3 հաղթանակ, մեկ խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի:
Հաշվի առնելով վերջին տուրերում անկանխատեսելի հանդիպումները, կարելի է պատկերացնել, թե ինչ պայքար է սպասվում առաջիկա տուրերում: Ցանկացած միավորի կորուստ վերջին հատվածում գտնվող թիմերի համար կարող է ճակատագրական լինել և կարող է պատճառ դառնալ առաջին տեղից ոչ մրցանակային տեղ նահանջելուն:
Հաջորդ՝ 21-րդ տուրը կմեկնարկի ապրիլի 23-ին՝ «Շիրակ»-«Վան» խաղով: Ապրիլի 25-ին «Փյունիկը» սեփական հարկի տակ կընդունի «Արարատին», իսկ «Ուրարտուն»՝ «Արարատ-Արմենիային»: Տուրի վերջին խաղում ապրիլի 26-ին «Նոան» սեփական հարկի տակ կմրցի «Ալաշկերտի» հետ: