Այսօր՝ մարտի 7-ին, կայանում են «Բարսելոնայի» նախագահի ընտրությունները: Հարձակվող Լիոնել Մեսսին ու կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն արդեն մասնակցել են քվեարկությանը: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
«Բարսելոնայի» նախագահի ընտրություններին մասնակցում են Ժոան Լապորտան, Վիկտոր Ֆոնտն ու Տոնի Ֆրեյշան: Իրենց թեկնածությունն ավելի վաղ չեղարկել էին Էմիլի Ռուսոն և Աուգուստի Բենեդիտոն, ընդ որում Ռուսոն նախագահի ընտրություններն անվանել էր «կեղտոտ պատերազմ»:
Հիշեցնենք՝ ի սկզբանե նախագահի ընտրությունները նախատեսված էին հունվարի 24-ին: Կատալոնիայի իշխանություններն ակումբին հայտնել էին, որ համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս թեկնածուներին ազատ տեղաշարժվել Կատալոնիայի տարածքում և իրականացնել քարոզարշավը:
Անցած տարվա աշնանը Խոսեպ Մարիա Բարտոմեուն հեռացվեց «Բարսելոնայի» նախագահի պաշտոնից: