Մարտի 1-ին «Արարատը» VBET Հայաստանի Պրեմեիր լիգայի 16-րդ տուրի շրջանակում կընդունի «Վանին»։ Խաղը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, իսկ մեկնարկը կլինի 14։00-ին։ «Արարատի» մամուլի քարտուղարությունը ներկայացնում է խաղի պրեվյուն.
ՎԵՐԱԴԱՐՁ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԶԱԴԱՇՏ
Երկար դադարից հետո «Արարատն» իր տնային հանդիպումը կրկին անցկացնելու է Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Հատկանշական է, որ «արարատցիները» այս տարվա իրենց առաջին երկու պաշտոնական հանդիպումներն անցկացրել են հենց «Վանի» տնային մարզադաշտում՝ Չարենցավանում։
Թիմերն իրենց պատմության ընթացքում հանդիպել են միայն մեկ անգամ։ Այս մրցաշրջանի 7-րդ տուրի շրջանակում կայացած խաղում Վարդան Բիչախչյանի թիմը հաղթանակ էր տարել նվազագույն հաշվով։ Գոլի հեղինակ էր դարձել Ուրոշ Նենադովիչը։
ՌԵԿՈՐԴԻ ՇԵՄԻՆ
Թիմերը տարբեր մարզավիճակներում են մոտենում խաղին։ «Արարատ» այս պահին 24 միավորով մրցաշարային աղյուսակում կիսում է առաջին հորիզոնականը, իսկ «Վանը» 11 միավորով 7-րդն է։
Վերջին 5 խաղերում «Վանը» 4 պարտություն է կրել, մեկ հանդիպում էլ ավարտել գոլազուրկ ոչ-ոքի։ Վերջին 4 հանդիպումներում նրանց չի հաջողվել գրավել մրցակիցների դարպասը՝ փոխարենը սեփականն ընդունելով 6 գնդակ:
«Արարատը», եթե հաղթանակ տոնի «Վանի» նկատմամբ, ապա առաջնությունում դա կլինի 9-րդ անպարտելի խաղը և թիմը կգերազանցի «Արարատ-Արմենիայի» ռեկորդային ցուցանիշը։ Վերջին 8 խաղերում «Արարատը» 5 հաղթանակ է տոնել, 3 հանդիպում ավարտել ոչ-ոքի։
Փայլուն ցուցանիշ է գրանցում նաև երևանյան ակումբի դարպասապահ Վսևոլոդ Երմակովը։ Նա վերջին 4 հանդիպումներում դարպասն անառիկ է պահել՝ ընդհանուր առմամբ գոլ բաց չթողնելով 429 րոպե։
ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԿԼԻՆԵՆ ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումներին կրկին ներկա կգտնվեն երկրպագուները։ «Արարատ»-«Վան» խաղին երկրպագուների մուտքը կլինի ազատ, սակայն նրանք պետք է պահպանեն կորոնավիրուսայի կանխարգելման կանոնները։
Հանդիպումը սպասարկելու է մրցավար Զավեն Հովհաննիսյանը, իսկ ՀՖՖ պատվիրակն է լինելու Վահան Բերակչյանը։