«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն ամփոփել է Լա Լիգայի 24-րդ տուրի՝ «Կադիսի» հետ խաղը: Կատալոնական թիմը, 89-րդ րոպեին գոլ ընդունելով սեփական դարպասը, բաց է թողել հաղթանակն ու հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով.
«Հիասթափեցնող արդյունք է, նման խաղերում պետք է հաղթել, իսկ մենք չկարողացանք: Մենք հիանալի հնարավորություն բաց թողեցինք՝ հաշվի առնելով «Աթլետիկոյի» պարտությունը: Մեծ հիասթափություն եմ ապրում:
Նույնիսկ ավելի շատ եմ հիասթափված, քան՝ ՊՍԺ-ից կրած 1-4 հաշվով պարտությունից հետո: Մենք չէինք կարող թույլ տալ 2 միավորի կորուստը: Չեմ սիրում մեղադրել կոնկրետ ֆուտբոլիստների, մենք բոլորով չկարողացանք լավ հանդես գալ հարձակման գծում ու պետք է այլ կերպ պաշտպանվեինք: Պետք էր հաղթել:
Երբ չես խփում երկրորդ գոլը, չես լուծում բոլոր հարցերը, մրցակիցը միշտ ինքն է խփում: Բայց մեզ համար դժվար էր պահեր ստեղծելը, «Կադիսը» շատ խորքից պաշտպանվում էր: Հարձակման գծում մեզ չբավականացրեց թարմությունը:
Մեր դարպասին նշանակված 11-մետրանոցի դրվագը պետք է վերլուծել: Ինձ թվաց, որ այն կասկածելի է, բայց այն կարելի էր նաև նշանակել: Մենք դեռ կարող ենք ինչ-որ բանի հասնել, բայց պետք է հասկանալ , որ այսօրվա նման հնարավորությունները չի կարելի բաց թողնել:«Կադիսը» մեզնից 5 միավոր խլեց, սա անթույլատրելի էր»,- ասել է Կումանը:
Այս հանդիպումից հետո «Բարսելոնան» իր միավորների թիվը հասցրել է 47-ի և շարունակում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը զբաղեցնել: «Կադիսը» 25 միավորով բարձրացել է 14-րդ հորիզոնականը: