Գերմանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունել է «Պադերբորնին»։ Հանդիպումը կայացել է «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում և ավարտվել է տանտերերի՝ լրացուցիչ ժամանակում տարած 3-2 հաշվով հաղթանակով։
«Բորուսիան» խաղը բավականին ակտիվ է սկսել։ Արդեն 6-րդ րոպեին Էմրե Ջանը գրավել է մրցակցի դարպասը, իսկ 10 րոպե անց Ջեյդոն Սանչոն երկրորդ գնդակն է ուղարկել հյուրերի դարպասը։ «Պադերբորնին» հաշվի տարբերությունը հաջողվել է կրճատել միայն 79-րդ րոպեին․ Յուլիան Յուստվանն է դարձել գոլի հեղինակ։
Հանդիպման վերջնամասը բավականին դրամատիկ է ստացվել։ 90+5-րդ րոպեին Էրլինգ Հոլանդը «Բորուսիայի» երրորդ գոլն է խփել, բայց մրցավարը տեսակրկնությունը դիտելուց հետո որոշել է չեղարկել այն։ Ավելին, 90+8-րդ րոպեին «Պադերբորնը» հավասարեցրել է հաշիվը․ փոխարինման մտած Պրինս Օվուսուն անվրեպ է իրացրել նշանակված 11 մետրանոցն ու խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ։
Այստեղ արդեն Հոլանդն ի վերջո խփել է իր գոլն ու հաղթանակ պարգևել դորտմունդցիներին։
Այսպիսով, Դորտմունդի «Բորուսիան» դուրս է եկել Գերմանիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։ Մրցաշարի այս փուլում իր մրցակցին դորտմունդցիները կիմանան վիճակահանության արդյունքում։