Գաղտնիք չէ, որ 2019 թ-ը հայկական ծանրամարտի պատմության մեջ ամենաստացված տարիներից մեկն էր։ Մենք ունեցանք 2 աշխարհի չեմպիոն, 2 Եվրոպայի չեմպիոն, մեդալակիրներ՝ Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններում։
Մեր ծանրորդները փայլեցին նաև Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, Կատարի գավաթի խաղարկությունում։ Մի խոսքով, ծանրամարտում տարին՝ ֆուրորային էր։
Գլխապտույտն ապահոված ծանրորդներից մեկն էր աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, 2019 թ-ի 10 լավագույն մարզիկների ցանկում հայտնված Հակոբ Մկրտչյանը։ Armsport․am-ը ամանորյա զրույց ունեցավ հայ ուժեղագույն ծանրորդներից մեկի հետ։
-Հակոբ, նախ շնորհավորում ենք Ամանորի կապակցությամբ, ինչպես նաև 2019 թ-ին գրանցած հաջողությունների առթիվ։
-Շնորհակալ եմ, ես նույնպես շնորհավորում եմ, շնորհավորում եմ ամբողջ հայ ազգին։
-Հակոբ, սկսենք ամենասկզբից․ ի՞նչը ստիպեց քեզ զբաղվել ծանրամարտով։
-Միշտ դիտել եմ ծանրամարտի առաջնությունները։ Երբ հետևում էի Տիգրան Մարտիրոսյանի, Արա Խաչատրյանի ելույթներին, ինքս ինձ խոսք էի տալիս, որ մի օր էլ իմ պատվին պետք է վեր խոյանա հայոց եռագույնն ու հնչի պետական օրհներգը։
-Փաստորեն, ստացվեց։ Երբ չեմպիոն ես հռչակվում, ի՞նչ զգացողություններ ես ունենում։
-Բառերով դժվար է բացատրել, քանի որ այդ ամենն աննկարագրելի է։ Երբ հնչում է քո երկրի օրհներգն ու բարձրանում է եռագույնը, բերկրանքի պահեր ես ապրում։
-Հակոբ, շատ մարզիկներ ունեն սովորույթ՝ հաղթանակն ինչ-որ մեկին նվիրելու։ Կա՞ քո մոտ նման ավանդույթ։
-Նման ավանդույթ չունեմ։ Կհիշեմ միայն, որ վերջին աշխարհի առաջնությունը համընկավ Հայաստանի անկախության տոնի հետ, ու հաղթանակս անկախ Հայաստանին նվիրեցի։
-Հակոբ, ցավոք, այն քաշը, որում դու հանդես ես գալիս, օլիմպիական չէ։ Գաղտնիք էլ չէ, որ ցանկացած աշխարհի չեմպիոնի հաջորդ նպատակը օլիմպիական մեդալն է։ Ի՞նչ ես ձեռնարկելու նպատակին հասնելու համար։
-Համաձայն եմ ու արդեն փոխել եմ քաշային կարգս։ Օրեր առաջ կայացած Կատարի գավաթ մրցաշարին մասնակցեցի 96 կգ քաշային կարգում։ Դեռ պետք է անձնական քաշս կարգավորեմ ու այն կգ-երը, որոնք, որպես նպատակ, դրել եմ իմ առաջ, բարձրացնելու դեպքում, օլիմպիական մեդալը շատ իրական կդառնա։ Մինչ օլիմպիական խաղեր դեռ ժամանակ ունեմ, մրցաշարեր կան։ Եվրոպայի առաջնությանը նոր քաշային կարգում կմասնակցեմ, Իրանի գավաթի մրցաշարին կմասնակցեմ, ու այդ ժամանակ ամեն ինչ պարզ կլինի։ Եթե ամեն ինչ հաջող ստացվի, կպատրաստվեմ Օլիմպիական խաղերին։
-Հակոբ, Ամանորի կապակցությամբ ի՞նչ կմաղթես հայ ազգին։
-Այն մարզիկներին, որոնք կմասնակցեն Տոկիո-2020-ին, ցանկանում եմ ամենաբարձր արդյունքները։ Հայ ժողովրդին մաղթում եմ սեր, երջանկություն, հանդուրժողականություն, միասնություն։ Ցանկանում եմ, որ մեր սահմանում խաղաղություն տիրի ու մեր զինվոր-եղբայրները անփորձանք վերադառնան տուն։
Արմեն Գարամյան