Մադրիդի «Ռեալի» հարձակողական ոճի կիսապաշտպան Մարտին Էդեգորն ավելի ու ավելի մոտ է «Արսենալ» տեղափոխությանը: «Զինագործների» ղեկավարությունն այսօրվա բանակցությունների ընթացքում համաձայնության է հասել «Արքայական ակումբի» հետ՝ 22-ամյա նորվեգացու տեղափոխության շուրջ: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ըստ համաձայնության Էդեգորը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ հանդես կգա «Արսենալում»: Ընդ որում, ֆուտբոլիստի ամբողջ աշխատավարձը կվճարի հենց լոնդոնյան ակումբը: Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի այն բանից հետո, երբ Մարտինը բուժզննում կանցնի:
Նշվում է, որ տեղափոխության հարցում մեծ դեր է խաղացել «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի՝ Էդեգորին կատարած զանգը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» մտադիր չէ Էդեգորի վարձակալական պայմանագրում նրա տրանսֆերը գնելու վերաբերյալ կետ ավելացնել: