Երեկ՝ հունվարի 18-ին, իտալական Ա Սերիայի 18-րդ տուրում «Կալյարին» ընդունել է «Միլանին»: Հանդիպումը կայացել է Կալյարիում և ավարտվել հյուրերի՝ 2-0 հաշվով հաղթանակով:
OptaPaolo-ի թվիթերյան էջը հայտնում է, որ Ստեֆանո Պիոլիի սաները կրկնել են անպարտելիության իրենց լավագույն շարքը 3-միավորանոց համակարգի ժամանակաշրջանում (1994/1995 մրցաշրջանից սկսած), երբ իտալացիները, այնպես ինչպես հիմա, չեն պարտվել 16 խաղ անընդմեջ՝ 2003-ի սեպտեմբերից 2004-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում:
«Միլանը» 43 միավոր է վաստակել և Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում: «Կալյարին» 14 միավորով 17-րդ տեղում է: Առաջատար եռյակում ընդգրկված են նաև «Ինտերը» (40) և «Նապոլին» (34):
Հունվարի 23-ին Իտալիայի առաջնության 19-րդ տուրի շրջանակում «Միլանը» սեփական հարկի տակ կընդունի «Ատալանտային»: Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 22:00-ին է: