Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 11-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» հյուրընկալվել էր «Ջենոային»։
Խաղի հաշիվը բացվեց երկրորդ կեսում։ 57-րդ րոպեին Իտալիայի գործող չեմպիոնի կազմում աչքի ընկավ Պաուլո Դիբալան։ Րոպեներ անց տանտերերը կարողացան հավասարեցնել հաշիվը։ Աչքի ընկավ Ստեֆանո Ստուրարոն։
Թուրինյան թիմի կազմում իր 100-րդ խաղում «Յուվենտուսին» հաղթանակ բերեց Կրիշտիանու Ռոնալդուն։ 78-րդ րոպեին պորտուգալացին անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը։ Խաղավերջում ևս մեկ 11-մետրանոց նշանակվեց։ Ռոնալդուն 2-րդ անգամ ևս դիպուկ էր նշակետից։ «Յուվենտուսը» հաղթեց 3-1 հաշվով։
Այս արդյունքից հետո Անդրեա Պիռլոյի թիմը միավորների քանակը հասցնում է 23-ի ու 4-րդն է մրցաշարային աղյուսակում։