ՖԻՖԱ-ի՝ ֆեյր-փլեյի համար տրվող մրցանակին արժանացել են «Լիդս Յունայթեդի» գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան ու թիմի ֆուտբոլիստները։
Նրանք այս մրցանակը ստացել են անգլիական Չեմպիոնշիփի 45-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» հետ խաղի դրվագներից մեկի համար (1:1):
Այն բանից հետո, երբ «Լիդսը» բացել է հաշիվը բավականին վիճելի գոլ խփելով, Բիելսան իր սաներին ստիպել է գոլ ընդունել սեփական դարպասը։
Արդյունքում «Լիդս Յունայթեդի» ֆուտբոլիստները, արգենտինացի մասնագետի պնդմամբ, մրցակցին անարգել թույլ են տվել հավասարեցնել հաշիվը։ Սակայն, Բիելսայի թիմից ոչ բոլորն են համաձայն եղել մարզչի որոշման հետ։ Նրանցից մեկը նույնիսկ հայհոյանք է ուղղել մասնագետի հասցեին։
Այս միջադեպից մի քանի շաբաթ անց ակումբն ակտիվացրել է Բիելսայի հետ պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությունը։
Բիելսան 2018 թվականի ամռանն է գլխավորել ակումբը։ Նախորդ մրցաշրջանում թիմը երկար ժամանակ առաջատարի դիրքերում էր ու լրջորեն հավակնում էր ուղիղ կերպով Պրեմիեր-լիգա դուրս գալուն, սակայն մրցաշրջանի երկրորդ հատվածում մի շարք միավորներ կորցրեց ու մրցաշրջանն ավարտեց երրորդ տեղով, ինչից հետո պարտվեց «Դերբի Քաունթիին»՝ փլեյ-օֆֆի կիսաեզրափակչում։