Շարունակվում է շախմատի համաշխարհային օնլայն Օլիմպիադան: Խմբային փուլի վերջին օրվա երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց առաջատար Ռուսաստանի հետ:
Մեր թիմը հանդես եկավ մարտական՝ Արոնյան-Սարգսյան-Դանիելյան-Մկրտչան-Մարտիրոսյան-Սարգսյան վեցնյակով:
Ոչ-ոքիներ խաղացան Արոնյանը, Սարգսյանը, Դանիելյանը, Մկրտչյանն ու Սարգսյանը: Միակ պարտությունը կրեց Հայկ Մարտիրոսյանը՝ զիջելով Ալեքսեյ Սարանային:
Մյուս զույգերում Բուլղարիան 5.5-0.5 հաշվով հաղթեց Մարոկկոյին: 4.5-1.5 հաշվով Թուրքիան հաղթեց Ալժիրին, Խորվաթիան 5-1 հաշվով շանս չտվեց Եգիպտոսին, իսկ Ռումինիան 3.5-2.5 հաշվով հաղթեց Անգլիային:
Այս պարտությունից հետո մեր ընտրանին նահանջեց ու այժմ 4-րդն է: Առաջատարները Ռուսաստանը, Ռումինիան ու Բուլղարիան են: Խմբային փուլի ավարտին մնաց մեկ տուր:
Հիշեցնենք, որ պայքարը շարունակելու են առաջին 3 տեղերը զբաղեցրած ընտրանիները:
Վերջին տուրում Հայաստանը մրցելու է Եգիպտոսի հետ: