Իսպանացի թենիսիստ Ռաֆաել Նադալը չի մասնակցի Laver Cup-ի զուգախաղին Ռոջեր Ֆեդերերի հետ, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր:
Մրցաշարի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Նադալը դաստակի վնասվածքի վերաբերյալ խորհրդակցել է բժշկի հետ: Դրանից հետո որոշում է կայացվել, որ իսպանացին չի մասնակցի խաղային երրորդ օրվա հանդիպումներին:
Նրա փոխարեն Ֆեդերերի հետ զուգախաղ կանցկացնի Ստեֆանոս Ցիցիպասը՝ մրցելով ամերիկացիներ Ջոն Իսների ու Ջեք Սոկի հետ: Նիկ Կիրյոսի հետ մենախաղում Նադալին կփոխարինի Դոմինիկ Տիմը:
«Ես հիանալի անցկացրի ժամանակը՝ ելույթ ունենալով Լեյվերի Գավաթում: Շատ հիասթափված եմ, որ այսօր չեմ կարողանա նորից խաղալ, բայց փոքրիկ վնասվածք եմ ստացել, պետք է հանգստանամ: Այստեղ՝ Ժնևում, մթնոլորտը հրաշալի է, և, բնականաբար, ես կլինեմ իմ բոլոր թիմակիցների կողքին ու ամեն հնարավորը կանեմ, որ աջակցեմ ու օգնեմ Եվրոպայի հավաքականին՝ հաղթելու Լեյվերի Գավաթը», – ասել է Նադալը:
Եվրոպայի հավաքականը մրցաշարում 7-5 հաշվով առաջատարն է Աշխարհի հավաքականի հետ դիմակայությունում: