Հայաստանի Պրեմիեր-լիգայի մեկնարկային տուրում Գյումրիի «Շիրակը» Երևանում մրցել է նախորդ առաջնության գավաթակիր ու սուպերգավաթակիր «Նոայի» հետ և ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ավարտել հանդիպումը։
Հատկանշական է, որ հաշվի մեջ առաջինն առաջ են անցել տանտերերը․ Դանի Սպատարանուն է խաղի 14-րդ րոպեին գրավել Գյումրիի թիմի դարպասն ու առաջ մղել իր թիմին։
Առաջին կեսի վերջնամասում «Շիրակի» ֆուտբոլիստները կարողացել են հավասարեցնել հաշիվը․ 41-րդ րոպեին Արման Ասլանյանն անվրեպ է իրացրել 11-մետրանոցն ու թիմերն ընդմիջման են գնացել 1-1 հաշվի պայմաններում։
Երկրորդ կեսում թիմերը մեկական անգամ ևս կարողացել են գրավել միմյանց դարպասները։ Դարձյալ «Նոան» է առաջ անցել հաշվի մեջ՝ Վլադիմիր Ազարովի իրացրած 11-մետրանոցի շնորհիվ, սակայն հյուրերին այդուհանդերձ հաջողվել է նորից հավասարեցնել հաշիվը․ Արտյոմ Միքայելյանն է անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով գրավել երևանյան թիմի դարպասն ու փրկել իր թիմին պարտությունից։
Հիշեցնենք՝ «Շիրակն» առաջին հանդիպումն էր անցկացնում նորանշանակ գլխավոր մարզիչ Տիգրան Դավթյանի գլխավորությամբ։
Այս հանդիպումից հետո թիմերը մեկական միավոր են վաստակել։