«Լոռի» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ թիմը խաղադաշտ դուրս չի գա Հայաստանի Բարձրագույն խմբի 2020/21 մրցաշրջանի առաջին տուրի՝ «Ուրարտուի» հետ օգոստոսի 17-ին նշանակված խաղում:
«Հարգելի ֆուտբոլասերներ,
Ինչպես արդեն տեղյակ եք, «Լոռի» ՖԱ 19 ներկայացուցիչներ՝ ներառյալ ֆուտբոլիստներ, մարզիչներ, աշխատակազմի և ղեկավար կազմի ներկայացուցիչներ, հուլիսին վարակվել էին COVID-19 կորոնավիրուսով և ավելի քան երկու շաբաթ գտնվել էին ինքնամեկուսացման մեջ։
Դրանով պայմանավորված՝ «Լոռի» ՖԱ-ն հուլիսի 20-ին նամակով դիմել էր ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժին և խնդրել, որպեսզի առաջիկա առաջնության խաղացանկը կազմելիս հաշվի առնեն այն հանգամանքը, որ ակումբի որոշ աշխատակիցներ և ֆուտբոլիստներ մեկուսացումից դուրս են գալու միայն օգոստոսի սկզբին, նորեկները նույնպես կարող են ժամանել միայն օգոստոսի սկզբին։
Հուլիսի 27-ին «Լոռի» ՖԱ-ն ևս մեկ գրությամբ դիմեց ՀՖՖ՝ ներկայացնելով նաև այն ֆուտբոլիստների և աշխատակիցների PCR թեստավորման արդյունքները, որոնք դեռեւս դրական պատասխան էին ստացել և չէին կարող դուրս գալ ինքնամեկուսացումից։
ՀՖՖ-ն, չպահպանելով «արդար խաղի» սկզբունքը, հարցում է ուղարկել «Ուրարտու»՝ արդյոք ակումբը համաձա՞յն է հետաձգել առաջին մրցափուլի «Ուրարտու» — «Լոռի» հանդիպումը, ինչին ստացել է բացասական պատասխան։
Հարկ ենք համարում ընդգծել, որ 2019 թվականի օգոստոսի 4-ին նախատեսված ԲԽ 2019/20 թթ մրցաշրջանի առաջին մրցափուլի «Փյունիկ» — «Լոռի» հանդիպումը հետաձգվեց, քանի որ ՀՖՖ նախագահը հիմք էր ընդունել տանտերերի խնդրանքն ու առանց «Լոռի» ՖԱ դիրքորոշումը հարցնելու՝ որոշում կայացրել»,- ասվում է «Լոռիի» տարածած հաղորդագրության մեջ:
Ակումբը նշում է, որ այսօր «Լոռի» ՖԱ ղեկավար կազմը ժողով է անցկացրել, ինչի ընթացքում որոշում կայացվել, որ թիմը խաղադաշտ դուրս չի գա ԲԽ առաջին մրցափուլի՝ օգոստոսի 17-ին նշանակված «Ուրարտու»-ի դեմ խաղում, քանի որ ակումբի բազմաթիվ ներկայացուցիչներ ինքնամեկուսացումից դուրս են եկել միայն օգոստոսի սկզբին, նորեկները և մարզչական շտաբը Հայաստան են ժամանել օգոստոսի 5-ին, և ակումբը դեռ շարունակում է համալրվել տեղացի ու օտարերկրացի ֆուտբոլիստներով։
Ավելին, «Լոռին» շուտով կքննարկի՝ որքանով է նպակահարմար ԲԽ 2020/21 մրցաշրջանին մանսակցելը.
«Օգոստոսի 19-ին կկայանա «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» հասարակական կազմակերպության հիմնադիր խորհրդի ժողովը, որի ընթացքում կքննարկվի ԲԽ 2020/21 թթ․ մրցաշրջանին մասնակցելու նպատակահարմար լինել-չլինելու հարցը»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: