Հարձակվող Վիլիանի՝ Լոնդոնի «Արսենալ» տեղափոխության մասին կհայտարարվի արդեն հաջորդ շաբաթ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ Թվիթերի իր էջում:
Աղբյուրի փոխանցմամբ, կողմերին մնացել է անձնական պայմանագրի միայն մի քանի կետ հստակեցնել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վիլիանը, որն ազատ խաղացողի կարգավիճակ ունի «Չելսիի» հետ պայմանագրի ավարտից հետո, «Արսենալի» հետ մինչև 2023 թվականը նախատեսված պայմանագիր կկնքի, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 6 մլն եվրո: Պայմանագիրը նաև տարատեսակ բոնուսներ է սահմանելու:
Վիլիանը 2013 թվականից էր պաշտպանում «Չելսիի» գույները, իսկ դրանից առաջ հանդես է եկել «Անժիում», «Շախտյորում» և «Կորինտիանսում»: 2011 թվականից հրավիրվել է Բրազիլիայի հավաքական: Ավարտված մրցաշրջանում ֆուտբոլիստն Անգլիայի Պրեմիեր-լիգայի 36 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: