Հունաստանի Օլիմպիայում քիչ առաջ, հանդիսավոր պայմաններում, վառվել է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը:
Միջոցառումը բաց կլինի հանրության համար: Մինչդեռ Covid-19 համաճարակի պատճառով «Տոկիո- 2020» ամառային և «Պեկին — 2022» ձմեռային խաղերի ջահերը վառվել են առանց հանդիսականի:
Միջոցառմանը շուրջ 600 բարձրաստիճան պաշտոնյաներ են ներկա եղել, այդ թվում՝ Հունաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուն, ՄՕԿ-ի առաջնորդ Թոմաս Բախը, «Փարիզ-2024» կազմկոմիտեի նախաահ Թոնի Էստանգեն և այլ պաշտոնատար անձինք:
Միջոցառման համար ընտրվել է նոր գլխավոր քրմուհի, որին մարմնավորել է հույն դերասանուհի Մերի Մինը: Փոփոխություն է կրել նաև քրմուհիների հագուստի դիզայնը: Ի տարբերություն նախկին ՝ սպիտակի ու կապույտի, այժմ այն եղել է սև ու սպիտակ: Հանդիսությանը մասնակցել են 35 քրմուհիներ և 15 պատանիներ:
Գլխավոր քրմուհին կրակը փոխանցել է առաջին ջահակրին՝ թիավարությունից օլիմպիական չեմպիոն Ստեֆանոս Դուսկոսին, որից հետո այն փոխանցավազքով կանցնի Հունաստանի տարածքով: 600 ջահակիրներ 11-օրյա շրջագայություն կկատարեն Հունաստանի 13 շրջաններով, 7 կղզիներով և 43 քաղաքներով: Առաջին ջահակիր, թիավարությունից օլիմպիական չեմպիոն Ստեֆանոս Դուսկոսը հարգանքի տուրք է մատուցել ժամանակակից խաղերի հիմնադիր Պիեր դե Կուբերտենին՝ նրա արձանի մոտ:
Ապրիլի 26-ին կրակը կհանձնվի Փարիզի խաղերի կազմակերպիչներին: Հաջորդ օրը ջահը Le Belem 120-ամյա եռակայմ առագաստանավով կուղևորվի Ֆրանսիա և մայիսի 8-ին կլինի Մարսելում:
Ֆրանսիայում նախատեսված փոխանցավազքը կտևի 68 օր և կավարտվի հուլիսի 26-ին՝ խաղերի բացման արարողության ժամանակ:
Փարիզի օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 101 օր: