ՊՍԺ-ի ղեկավարությունը որոշել է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ։ Այս մասին հայտնում է L’Équipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական ակումբի ղեկավարները տպավորված են Էնրիկեի աշխատանքով, քանի որ նրա գլխավորությամբ ՊՍԺ-ն արդյունավետ խաղ է ցուցադրում՝ առանց մեծ թվով աստղերի վրա հույս դնելու։ Բացի այդ, իսպանացի մասնագետը ցույց տվեց, որ ունակ է արդյունքի հասնել առանց հարձակվող Կիլիան Մբապեի։ ՊՍԺ-ի ղեկավարությունը նաև նշում է Էնրիկեի՝ երիտասարդ խաղացողների հետ աշխատելու կարողությունը:
Հիշեցնենք, որ Էնրիկեն ՊՍԺ-ն գլխավորել է անցած ամառ։ Նրա ներկայիս պայմանագիրը ֆրանսիական հսկայի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: Էնրիկեի գլխավորությամբ ՊՍԺ-ն այս մրցաշրջանում ժամկետից շուտ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։