Առնվազն տասը երկիր ցանկություն է հայտնել 2036 թ. ամառային օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար: Այս մասին ասել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը։ Նա նաև հայտնել է, որ մոլորակի կլիմայի փոփոխությունը կարող է հանգեցնել նրան, որ խաղերի ժամկետները գլոբալ տաքացման պատճառով հետաձգվեն:
Սաուդյան Արաբիան և Քաթարը ցանկություն են հայտնել ընդունելու 2036թ. խաղերը: Ինդոնեզիան և Հնդկաստանը նույնպես պոտենցիալ հյուրընկալողներ են:
Վերջին տարիներին օլիմպիական խաղերի անցկացման նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ նվազել էր: 2024 և 2028 թվականների ամառային խաղերի համար հայտ էին ներկայացրել միայն Փարիզը և Լոս Անջելեսը, ինչի արդյունքում երկու քաղաքներն էլ դարձան հաջորդաբար 33-րդ և 34-րդ խաղերի մայրաքաղաքներ:
Բախը օլիմպիական խաղերի անցկացման նկատմամբ հետաքրքրության վերածնունդը կապում է իր պաշտոնավարման ընթացքում իրականացված բարեփոխումների հետ: