«Երևանում ապրիլին մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն ամենակարևորներից է մեր հանրային կյանքում 2023 թվականին»: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել են առաջնության կազմկոմիտեի անդամները:
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված մամուլի ասուլիսին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ծանրամարտի միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը:
«Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր մարզական միջոցառման մեկնարկի առիթով: Այն մեր հանրային կյանքում լինելու է ամենակարևորներից մեկն այս տարի: Արդեն վաղը կտանք հետհաշվարկի մեկնարկը: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Այս պահին մասնակցության նախնական հայտ է ներկայացրել ավելի քան քառասուն երկիր՝ 500 մարզիկներով»,- տեղեկացրել է Արայիկ Հարությունյանը:
Նշենք նաև, որ հետհաշվարկի արարողությունը կկայանա մարտի 17-ին Հյուսիսային պողոտայում և կմեկնարկի ժամը 14:00-ին:
Ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ մարզական այս մեծ միջոցառումը մեզ համար, իհարկե, նախևառաջ ունի մարզական հետաքրքրություն, բայց սա նաև միջոց է ոլորտի զարգացմանը նպաստելու և մեր պետության՝ որպես մարզական կենտրոնի դերը բարձրացնելու համար:
«Յուրաքանչյուր նմանօրինակ մրցման հայտ ներկայացնելիս մենք ֆեդերացիաներին և կազմակերպիչներին ասում ենք, որ անելու ենք առավելագույնը և նոր նշաձողեր ենք սահմանելու: Այդպես եղավ նախորդ տարի բռնցքամարտի Եվրոպայի առաջնության պարագայում: Այդպես կլինի նաև այս անգամ: Ապրիլին մեր Երևանը դառնալու է Եվրոպայի ծանրամարտի մայրաքաղաքը: Կազմակերպիչները շատ ներկայանալի և դիտարժան շոու են խոստանում բացման արարողության ժամանակ: Մենք ներկայանալու ենք ոչ միայն որպես սպորտի, այլև մշակույթի, արվեստի և զվարճանքի կենտրոն»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝ միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ Եվրոպայի առաջնության շրջանակում անցկացվելու է նաև մարզաձևի եվրոպական կոնֆեդերացիայի գագաթնաժողովը, որը ևս նշանակալի իրադարձություն է:
Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ Կառավարությունն աշխատում է ծանրամարտի աշխարհի առաջնությունն ընդունելու ուղղությամբ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին կվերադարձվի իր պատմական առաքելությունը. «Այսօր Հայաստանում պատմական իրադարձություն է տեղի ունենում: Ուղիղ 40 տարի առաջ Մարզահամերգային համալիրը կառուցվեց նաև ծանրամարտի աշխարհի առաջնությունն ընդունելու համար, սակայն այն տեղի չունեցավ, և հիմա՝ 40 տարի անց, մենք համալիրին վերադարձնում ենք իր պատմական առաքելությունը: Այն, ինչի համար այն կառուցվել է, տեղի կունենա»,- ասել է Կարեն Գիլոյանը և ընդգծել, որ կազմակերպչական առումով որևէ խնդիր չենք ունենա: Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ ծանրորդներն էլ լավագույնս հանդես կգան, բարձր կպահեն Հայաստանի պատիվը և նրանց շնորհիվ կբարձրանա ՀՀ դրոշը: