2014 թվականի մայիսի 24-ը «Ռեալի» պատմության ամենաբաղձալի օրերից մեկն է։ 12 տարի սպասելուց հետո «բլանկոսները» կարողացան նվաճել Չեմպիոնների լիգայի 10-րդ գավաթը՝ դառնալով առաջին եվրոպական թիմը, որը հաղթել է ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում 10 անգամ։
«Լա դեսիմայից» հետո «Ռեալը» ևս երեք անգամ նվաճել է Չեմպիոնների լիգան, այն էլ իրար հետևից։
2014-ի մայիսի 24-ին Լիսաբոնում ամեն ինչ շատ վատ էր «Ռեալի» համար։ Առաջին կեսի վերջնամասում թիմի ավագ Իկեր Կասիլյասի կոպտագույն սխալից հետո Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Դիեգո Գոդինը բացեց հանդիպման հաշիվը։
Մինչև 92-րդ րոպեն ու 48-րդ վայրկյանը «Ռեալը» պարտվում էր։ Սակայն հենց այդ ակնթարթում Լուկա Մոդրիչի փոխանցումն ու Ռամոսի գլուխը գտան իրար։ «Ռեալը» հավասարեցրեց հանդիպման հաշիվը՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ երկրորդ խաղակեսում Գարեթ Բեյլը Անխել դի Մարիայի ֆանտաստիկ անցումից հետո խփեց հաղթական գնդակը։ Ավելի ուշ հաղթանակը վերջնականապես ամրագրեցին Մարսելոն ու Կրիշտիանու Ռոնալդուն։ «Ռեալը» հաղթեց 4-1 հաշվով։