Իտալիայի Ա Սերիայի 10-րդ տուրի կենտրոնական հանդիպմանը՝ միլանյան դերբիում, «Ինտերը» հյուրընկալվելիս 1։3 հաշվով զիջեց «Միլանին»։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր, սակայն խաղադաշտ դուրս եկավ 72-րդ րոպեին՝ փոխարինելով Էնդի Դիուֆին։
Հանդիպումից հետո իտալական առաջատար մարզական պարբերականներն ամփոփել են «ներաձուրիների» ֆուտբոլիստների ելույթները՝ 10-բալանոց համակարգով գնահատելով նաև հայ կիսապաշտպանի խաղը։
Հեղինակավոր Sky Sport, Tuttomercatoweb, Calcio News 24 և Inter News 24 լրատվամիջոցները Մխիթարյանի գործողությունները գնահատել են 6 միավորով։ Անդրադառնալով հայ ֆուտբոլիստի խաղին՝ Tuttomercatoweb-ն ընդգծել է, որ Մխիթարյանը փոխարինման դուրս գալուց հետո փորձել է սրություն և դինամիկա հաղորդել «Ինտերի» գրոհներին։ Ավելին՝ նրա մասնակցությամբ դրվագներից մեկում հյուրերը կարող էին 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակել, սակայն VAR համակարգի միջամտությունից հետո մրցավարը չեղարկել է իր նախնական որոշումը։
Համեմատաբար ավելի խիստ են գտնվել Calciomercato.it և Sportmania24 կայքերը, որոնք հայ կիսապաշտպանին տվել են 5.5 միավոր։ Ընդհանուր առմամբ, նշված վեց պարբերականների վարկածով Մխիթարյանի միջին գնահատականը կազմել է 5.83։
Հիշեցնենք, որ դերբիի բոլոր գոլերը գրանցվել էին դեռևս առաջին խաղակեսում։ Արդեն 4-րդ րոպեին հաշիվը բացել էր Քրիստիան Պուլիշիչը, իսկ 10-րդ րոպեին Ադրիեն Ռաբիոն կրկնապատկել էր «ռոսոներիների» առավելությունը։ 22-րդ րոպեին Ալեսանդրո Բաստոնիին հաջողվել էր կրճատել հաշվի տարբերությունը, սակայն խաղակեսի վերջնամասում՝ 43-րդ րոպեին, Դիեգո Մորեյրան տուգանային հարվածով ձևակերպել էր հանդիպման վերջնական հաշիվը՝ 3։1։
Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակն այս պահին



























































