Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին մանրակրկիտ բուժզննում և բուժման կուրս անցնելուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից ու վերադարձել տուն։ Այս մասին Գերմանիայի գավաթի խաղարկության՝ «Մագդեբուրգի» դեմ խաղից առաջ ARD հեռուստաընկերության եթերում հայտնել է մյունխենյան ակումբի սպորտային տնօրեն Մաքս Էբերլը։
Հետազոտությունների արդյունքում «Բավարիայի» գլխավոր մարզչի մոտ ախտորոշվել է ուղեղի թաղանթների գրգռում, ինչը կլինիկական պրակտիկայում հայտնի է որպես մենինգեալ համախտանիշ, որն էլ դարձել է ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառ։
«Բժիշկները հստակ պարզել են, թե ինչումն է խնդիրը։ Անցած ուրբաթ տեղի ունեցած միջադեպը պայմանավորված էր ուղեղի թաղանթների գրգռմամբ։ Այս պահին Վենսանն արդեն տանն է և շարունակելու է վերականգնման գործընթացը։ Ես ավելի քան վստահ եմ, որ նա շատ շուտով կվերադառնա խաղադաշտի եզրագծի մոտ՝ պատրաստ լինելով100 տոկոսով», — նշել է Էբերլը։
Մյունխենյան գրանդի ղեկավարը նաև հատուկ ընդգծել է, որ Կոմպանիի առողջական խնդիրը որևէ կապ չունի մարզչական աշխատանքի ծանրաբեռնվածության կամ սթրեսի հետ.
«Սա հիվանդություն է, և պետք է շատ հստակ տարանջատել այս ամենը։ Կատարվածը ոչ մի կապ չունի այն ճնշման հետ, որը մենք ունենք Բունդեսլիգայում»։
Չնայած հիվանդանոցից դուրս գրվելուն՝ Կոմպանիի անմիջական վերադարձը մարզչական աշխատանքի դեռևս չի քննարկվում, և նրա վերադարձի հստակ ժամկետները մնում են բաց։ Ակումբում շեշտել են, որ բելգիացու առողջությունն առաջնահերթություն է, և նրան կտրամադրվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է լիարժեք ապաքինման համար։ Մինչ այդ թիմի մարզումներն ու խաղերը կշարունակի ղեկավարել նրա մարզչական շտաբը։
Հավելենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում «Բավարիան» վաստակած 17 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին՝ ուրբաթ օրը, 40-ամյա բելգիացի մասնագետն ակումբի մարզաբազայում հետևելիս է եղել «Բավարիայի» երկրորդ թիմի մարզմանը, երբ հանկարծակի կորցրել է գիտակցությունն ու շտապ հոսպիտալացվել։ Մինչ այդ միջադեպը Կոմպանին պայքարում էր վիրուսային վարակի դեմ։
























































