Գերմանիայի գավաթի խաղարկության 2026/27 մրցաշրջանի 1/16 եզրափակչի շրջանակում գերմանական ֆուտբոլի առաջատարներ Մյունխենի «Բավարիան» և Լևերկուզենի «Բայերը» գոլառատ հաղթանակներ տոնեցին՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգրեր։
Լևերկուզենի «ԲայԱրենա» մարզադաշտում կայացած խաղում «Բայերը» սեփական հարկի տակ ընդունեց «Նյուրնբերգին» և տպավորիչ կամային հաղթանակ տարավ 5:2 հաշվով։ Հյուրերի հայտացուցակում ընդգրկված էր նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը, սակայն հայ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չեկավ՝ մնալով պահեստայինների նստարանին։
Հանդիպման մեկնարկը սառը ցնցուղ էր «դեղագործների» համար. արդեն 30-րդ րոպեին «Նյուրնբերգը» հաղթում էր երկու գնդակի առավելությամբ։ 13-րդ րոպեին հաշիվը բացեց կիսապաշտպան Ռաֆայել Լուբախը, իսկ 30-րդ րոպեին նորվեգացի հարձակվող Սիգուրդ Հաուգենը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ Երկու դրվագում էլ գոլային փոխանցման հեղինակ դարձավ դանիացի Վիլյամ Բյովինգը։
Այդուհանդերձ, տանտերերը կարողացան բեկում մտցնել խաղում։ Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 41-րդ րոպեին, Ալեշ Գարսիայի փոխանցումից հետո Էդմոն Թափսոբան կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 49-րդ րոպեին, նույն Թափսոբան դուբլ ձևակերպեց՝ վերականգնելով հավասարակշռությունը (2:2)։
70-րդ րոպեին «Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածն ու առաջ մղեց լևերկուզենցիներին։ Ընդամենը ութ րոպե անց Յոնաս Հոֆմանը խփեց տանտերերի չորրորդ գնդակը, իսկ հանդիպման վերջակետը 89-րդ րոպեին դրեց Լուկաս Վասկեսը՝ ձևակերպելով վերջնական 5:2 հաշիվը։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող մյուս խաղում Մյունխենի «Բավարիան» «Ալիանց Արենայում» ոչ մի շանս չտվեց «Մագդեբուրգին»՝ ջախջախելով մրցակցին 6:1 հաշվով։
Մյունխենյան գրանդի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մայքլ Օլիսեն՝ մեկական անգամ աչքի ընկնելով խաղից և 11-մետրանոց նշակետից։ «Բավարիայի» մյուս գոլերը խփեցին Իսմայել Սայբարին, Ալֆոնսո Դևիսը, Նաթանիել Բրաունը և Դավիդ Դայբերը։ Հյուրերի կազմում միակ հեղինակության գնդակը խփեց Մատեուշ Ժուկովսկին։
Այսպիսով, «Բավարիան» և «Բայերը» դուրս եկան Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակիչ, որտեղ իրենց մրցակիցներին կիմանան ավելի ուշ կայանալիք վիճակահանության արդյունքում։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ

























































