«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին Իսպանիայի Լա Լիգայի 10-րդ տուրի՝ «Ռեալի» դեմ հանդիպմանն ընդառաջ խոսել է մադրիդյան ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի մասին։
«Բոլորը շատ լավ գիտեն, որ Մբապեն մոլորակի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Այո՛, Կիլիանը հսկայական թվով գոլեր է խփում, սակայն վերջին շրջանում նրան միշտ չէ, որ հաջողվել է թիմային տիտղոսներ նվաճել։
Այնուամենայնիվ, դա ոչ մի կերպ չի փոխում նրա իրական արժեքը։ Կիլիանն աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկն է և անընդհատ ապացուցում է դա խաղադաշտում։ Ով չի ցանկանում ընդունել ու տեսնել դա, պարզապես կույր է։ Մբապեն բացառիկ և անչափ վտանգավոր հարձակվող է, ուստի ամբողջ հանդիպման ընթացքում պետք է առավելագույն կենտրոնացվածություն պահպանենք նրա դեմ խաղալիս»,- Գավիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
«Բարսելոնայի» և «Ռեալի» միջև հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 25-ին։

























































