Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես դիմել է ՈւԵՖԱ-ին՝ պահանջելով քննության առնել «Պարի Սեն Ժերմենի» երկրպագուների վարքագիծը և այն սկանդալային պաստառը, որը ցուցադրվել էր «Պարկ դե Պրենս» մարզադաշտում՝ Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 3-րդ տուրի հանդիպման մեկնարկից առաջ։
Հոկտեմբերի 20-ին կայացած մենամարտից առաջ փարիզյան ակումբի ուլտրասները տրիբունայում հսկայական պաստառ էին պարզել՝ ոգեշնչված հանրահայտ «Տեխասյան շղթայասղոցի կոտորածը» սարսափ ֆիլմից։ Պաստառի վրա պատկերված էր դիմակավորված կերպար, որը շղթայասղոցով մասնատում էր «Բարսելոնայի» զինանշանը։ Պերֆորմանսն ուղեկցվում էր «Massacre à la parisienne» («Փարիզյան ոճով կոտորած») գրությամբ, ինչպես նաև պիրոտեխնիկական միջոցներով, որոնք նմանակում էին սղոցից թռչող կայծերը։
Ինչպես հաղորդում են իսպանական հեղինակավոր La Vanguardia և AS պարբերականները, կատալոնական ակումբի ղեկավարությունն անմիջապես տեղեկացրել է հանդիպմանը ներկա ՈւԵՖԱ-ի պատվիրակին՝ պահանջելով իրավական գնահատական տալ պաստառի բովանդակությանը։ Բացի այդ, «կապտանռնագույնները» պահանջել են տրիբունաներից հեռացնել այլ պաստառներ ևս, որոնց վրա գրված են եղել «Puta Barça» վիրավորական արտահայտությունները։
Միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել նաև իսպանական մեդիադաշտում։ Cadena SER-ի հայտնի մեկնաբան Մանու Կարենյոն տարակուսանք է հայտնել, թե ինչպես է անվտանգության աշխատակիցների թողտվությամբ նման հսկայական չափերի ագրեսիվ պաստառը հայտնվել մարզադաշտում։ Հատկանշական է, որ այդ ամենը տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի աչքի առաջ, ով ներկա է գտնվել «Պարկ դե Պրենսի» օթյակում։
Եվրոպական ֆուտբոլային կառույցի կանոնակարգը խիստ պատասխանատվություն է նախատեսում մարզադաշտերում բռնություն քարոզող, վիրավորական կամ սադրիչ ուղերձների ցուցադրման, ինչպես նաև պիրոտեխնիկայի օգտագործման համար։ Քանի որ տանտեր ակումբն է կրում անվտանգության և կարգուկանոնի ապահովման ողջ պատասխանատվությունը, ՊՍԺ-ի նկատմամբ կարող է կարգապահական վարույթ հարուցվել։
Հիշեցնենք, որ Փարիզում կայացած թեժ դիմակայությունն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 4:2 հաշվով։






















































