Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի 3-րդ տուրի շրջանակում կայացան մի շարք դիտարժան և գոլառատ հանդիպումներ։
«Էնֆիլդ» մարզադաշտում կայացած և լեհ մրցավար Շիմոն Մարցինյակի սպասարկած խաղում անգլիական ակումբը ֆանտաստիկ կամային հաղթանակ տարավ։ Տանտերերի համար հանդիպումը սկսվեց սառը ցնցուղով. 4-րդ րոպեին Վիրջիլ վան Դայկի սխալից հետո հաշիվը բացեց Ժորժ Միկաուտաձեն, իսկ 29-րդ րոպեին Սերխի Կարդոնան կրկնապատկեց իսպանացիների առավելությունը։
Մինչ ընդմիջում մերսիսայդցիներին հաջողվեց վերականգնել հավասարությունը անկյունայինների խաղարկումից հետո. 36-րդ րոպեին աչքի ընկավ Ալեքսիս Մակ Ալիստերը, իսկ 45+2-րդ րոպեին գլխի հարվածով գոլ խփեց Ռոնալդ Արաուխոն։ Երկրորդ խաղակեսում «Լիվերպուլը» շարունակեց ճնշումը. 66-րդ րոպեին Մակ Ալիստերը ձևակերպեց դուբլ, իսկ 3 րոպե անց Ֆլորիան Վիրցը խփեց տանտերերի չորրորդ գնդակը։ Հյուրերին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը 87-րդ րոպեին՝ Տանի Օլուվասեյիի գոլի շնորհիվ։
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» 9 միավորով ընթանում է առանց կորուստների, իսկ «Վիլյառեալն» ունի 3 միավոր։ Հաջորդ տուրում անգլիացիները կմրցեն «Ֆեներբահչեի», իսկ իսպանացիները՝ ՊՍԺ-ի հետ։

«Լիվերպուլ» — «Վիլյառեալ» ՝ [Տեսանյութ]

Եվս մեկ 7-գոլանոց թրիլեր կայացավ Նեապոլի «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում։ Հաշիվը բացվեց արդեն 1-ին րոպեին՝ Մատեո Պոլիտանոյի հարվածից հետո։ Նորվեգական թիմը երկու անգամ կարողացավ հավասարեցնել հաշիվը. 27-րդ րոպեին աչքի ընկավ Յենս Պետեր Հեուգեն, իսկ 41-րդ րոպեին Սքոթ Մակտոմինեյի գոլին 62-րդ րոպեին պատասխանեց Անդրեաս Հելմերսենը (2:2)։
Հանդիպման վերջնամասում, սակայն, «Նապոլին» կոտրեց մրցակցի դիմադրությունը. 75-րդ րոպեին Մակտոմինեյը դուբլ ձևակերպեց, իսկ 89-րդ րոպեին հյուրերի պաշտպան Օդին Բյորտուֆտը գրավեց սեփական դարպասը։ Ավելացված ժամանակի 4-րդ րոպեին Սոնդրե Բրունստադը խփեց «Բուդյո-Գլիմտի» երրորդ գնդակը։
Այս խաղից հետո երկու թիմերն էլ ունեն 3-ական միավոր․ «Նապոլին» վաստակեց առաջին միավորները մրցաշարում և 22-րդն է, իսկ նորվեգացիները՝ 26-րդը։
«Նապոլի» — «Բուդյո-Գլիմտ»՝ [Տեսանյութ]

«Դրագաու» մարզադաշտում կայացած լարված պայքարում Էյնդհովենի ՊՍՎ-ն նվազագույն հաշվով հաղթանակ տարավ «Պորտուի» նկատմամբ։ Հանդիպման միակ և հաղթական գնդակը 57-րդ րոպեին Սվեն Մեյնանսի փոխանցումից հետո խփեց հյուրերի կիսապաշտպան Գուս Թիլը։
«Պորտու» — ՊՍՎ՝ [Տեսանյութ]
«Ռոմա» — «Սլովան»՝ [Տեսանյութ]
Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած «Ռոման» ջախջախիչ հաղթանակ տարավ Բրատիսլավայի «Սլովանի» նկատմամբ։ Հյուրերի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինվեց 55-րդ րոպեին։
Հռոմեացիների կազմում հանդիպման իսկական հերոս դարձավ նիդերլանդցի հարձակվող Դոնիել Մալենը, ով դարձավ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Խաղի հաշիվը 21-րդ րոպեին Դանիելե Գիլարդիի փոխանցումից հետո բացեց Մարիո Էրմոսոն։ Այնուհետև Մալենի փոխանցումներով աչքի ընկան Նաուել Մոլինան (39′) և Նիկոլո Պիզիլին (53′), իսկ 58-րդ րոպեին հենց ինքը՝ Մալենը, անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։

«Շտուտգարտ» — «Ատլետիկո Մադրիդ»՝ [Տեսանյութ]
Գերմանիայում կայացած մարտական խաղում Մադրիդի «Ատլետիկոն» կարողացավ ոչ-ոքի պահպանել՝ խաղավերջն անցկացնելով թվային պակասությամբ։ 36-րդ րոպեին Ջեյմի Լևելինգը առաջ մղեց «Շտուտգարտին», սակայն երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 47-րդ րոպեին, Խուլիան Ալվարեսը Ադեմոլա Լուկմանի փոխանցումից հետո վերականգնեց հավասարությունը։ 64-րդ րոպեին կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտ ստացավ մադրիդցիների կիսապաշտպան Մորտեն Յուլմանը, սակայն «ներքնակագործներին» հաջողվեց պահպանել ոչ-ոքի հաշիվը։
Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին























































