ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/2027 մրցաշրջանի լիգայի փուլի 1-ին տուրում կայացան ևս երկու հանդիպումներ։
Ստամբուլում թուրքական «Ֆեներբահչեն» ընդունեց իտալական «Ռոմային», իսկ Էյնդհովենում հոլանդական ՊՍՎ-ն ուժերը չափեց ուկրաինական «Շախտյորի» հետ։
Երկու դիմակայություններն էլ ավարտվեցին միևնույն՝ 1։1 հաշվով։
«Ուլկեր Ֆեներբահչե Շյուքրյու Սարաջօղլու» մարզադաշտում կայացած խաղում հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջնամասում․ աչքի ընկավ «գայլերի» կիսապաշտպան Բրիան Կրիստանտեն։ Սակայն տանտերերին հաջողվեց արագ վերականգնել հավասարությունը. 48-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ պաշտպան Արչի Բրաունը:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
«Ֆիլիպս» մարզադաշտում ևս թիմերը մեկական գնդակ փոխանակեցին խաղակեսերի միջնամասում։ 45-րդ րոպեին վենեսուելացի կիսապաշտպան Գլեյկեր Մենդոսան առաջ մղեց «Շախտյորին», սակայն ընդմիջումից անմիջապես հետո՝ 48-րդ րոպեին, ՊՍՎ-ի պաշտպան, նախկինում «Բարսելոնայում» և «Միլանում» հանդես եկած Սերժինյո Դեստը խփեց պատասխան գնդակը։
2-րդ տուրում «Ֆեներբահչեն» կհանդիպի «Ասթոն Վիլայի», «Ռոման»՝ Մադրիդի «Ռեալի», իսկ «Շախտյորն» ուժերը կչափի հունական ԱԵԿ-ի հետ (բոլոր խաղերը կկայանան հոկտեմբերի 14-ին)։ ՊՍՎ-ն հոկտեմբերի 13-ին արտագնա խաղում կմրցի գերմանական «Լայպցիգի» հետ։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը ՊՍԺ-ն է։ Նախորդ խաղարկության եզրափակիչում փարիզյան ակումբը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր Լոնդոնի «Արսենալին» (1:1, 4:3 11մ.): ՊՍԺ-ն ՉԼ-ի հաղթող էր դարձել նաև 2024/2025 մրցաշրջանում:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին
























































