Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը պաշտոնապես ներկայացվել է որպես «Բարսելոնայի» նորեկ։ Ֆուտբոլիստը, որը հեռացել է Լոնդոնի «Արսենալից» և կատալոնական ակումբի հետ կնքել երեք տարվա պայմանագիր, մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հետ շփվել է իսպաներենով՝ աչքի ընկնելով զավեշտալի դրվագով։
Պատասխանելով հարցերին և նկարագրելով իր նոր թիմակիցներին՝ Ժեզուսը հուզմունքից պատահաբար իսպանական ժարգոնային հայհոյանք է օգտագործել՝ ընդգծելու համար թիմի բարձր մակարդակը։
«Ես ունեմ իմ որակները, բայց կարծում եմ, որ այստեղ չեմ եկել թիմակիցներիս լավացնելու համար։ Նրանք, գրողը տանի, ֆանտաստիկ են (օգտագործել է իսպանական de puta madre արտահայտությունը — խմբ․), կներեք, կներեք ինձ»,- ծիծաղելով ուղղել է ինքն իրեն բրազիլացին։
Սայթաքումն անմիջապես ծիծաղ է առաջացրել դահլիճում։ Իրավիճակն արագ հարթելով՝ հարձակվողը շարունակել է միտքը՝ փաստելով կատալոնական թիմի խաղացողների բարձր կարգը.
«Նրանք բոլորը հսկայական որակներ ունեն՝ ոչ միայն հարձակվողներն ու վինգերները, այլև կենտրոնական կիսապաշտպանները։ Բոլորը կարող են խաղալ և օգնել թիմին։ Ուստի, ես ինձ համարում եմ ևս մեկ ֆուտբոլիստ, ով եկել է այստեղ՝ օգնելու այնպես, ինչպես կպահանջվի»։


























































