«Կամպ Նոու» մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ժամանակ ողբերգական միջադեպ է գրանցվել։
Ինչպես հայտնում են աղբյուրները, երեկ տեղական ժամանակով 15:30-ի սահմաններում ոստիկանությունն ահազանգ է ստացել դժբախտ պատահարի մասին: 54-ամյա բանվորը մահացել է բարձրությունից վայր ընկնելու հետևանքով։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին չի հաջողվել փրկել տղամարդու կյանքը։
Նշվում է, որ սա առաջին մահվան ելքով դժբախտ պատահարն է «Բարսելոնայի» մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ընթացքում, որոնք մեկնարկել են 2023 թվականի հունիսի 1-ին։ Կատալոնական ակումբը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով կատարվածին.
««Բարսելոնա» ֆուտբոլային ակումբն իր խորին ցավակցությունն է հայտնում երեկ «Կամպ Նոու» մարզադաշտի վերանորոգման աշխատանքների ժամանակ դժբախտ պատահարի զոհ դարձած բանվորի մահվան կապակցությամբ։ Ակումբն իր անկեղծ զորակցությունն է հայտնում նրա ընտանիքին, ընկերներին և գործընկերներին։
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է անձամբ իր ցավակցությունները հայտնել ընտանիքին և ամբողջ ակումբի անունից հայտնում է, որ պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ ցանկացած օգնություն»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

























































