Նիդերլանդների ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը վնասվածքի պատճառով ժամկետից շուտ լքել է ազգային թիմի ճամբարն ու վերադարձել «Բարսելոնա»։
Լրագրող Մատեո Մորետոյի տեղեկություններով՝ կատալոնական ակումբում մտավախություն ունեն, որ կիսապաշտպանը վնասվածքի պատճառով կարող է շարքից դուրս մնալ մինչև չորս ամիս ժամկետով։ Ընդ որում, «կապտանռնագույններն» առայժմ սպասում են բժիշկների վերջնական ախտորոշմանը։
Հիշեցնենք, որ Ֆրենկի դե Յոնգը «Այաքսից» «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականին՝ 86 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա գործող պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։
Ավարտված ակումբային մրցաշրջանում հոլանդացին «կապտանռնագույնների» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։



























































