Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կայացած «Ֆոնբետ» Ռուսաստանի գավաթի խաղարկության սուպերեզրափակչում Մոսկվայի «Սպարտակը» հաղթանակի հասավ «Կրասնոդարի» նկատմամբ:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում մոսկվացիներն առավելության հասան 4:3 հաշվով:
Խաղի հաշիվը 36-րդ րոպեին բացեց «Սպարտակի» վինգեր Պաբլո Սոլարին, սակայն 57-րդ րոպեին «Կրասնոդարի» կիսապաշտպան Դուգլաս Աուգուստոն վերականգնեց հավասարությունը:
Հանդիպման մնացած ժամանակահատվածում դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին:
Նշանակված 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին «կարմրասպիտակավունները», որոնք էլ նվաճեցին բաղձալի տիտղոսը:
Հիշեցնենք, որ Տարածաշրջանների ուղու եզրափակչում «Սպարտակը» նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթել էր ԲԿՄԱ-ին, իսկ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ուղու եզրափակչում «Կրասնոդարը» երկու հանդիպումների արդյունքում պայքարից դուրս էր թողել Մոսկվայի «Դինամոյին» (0:0, 11-մետրանոցներով՝ 6:5)։
Այսպիսով, «Սպարտակն» իր պատմության մեջ 5-րդ անգամ նվաճեց Ռուսաստանի գավաթը։ Նախորդ անգամ թիմն այս տիտղոսին արժանացել էր 2021/2022 մրցաշրջանում՝ եզրափակչում առավելության հասնելով Մոսկվայի «Դինամոյի» նկատմամբ (2:1):
























































