Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ցանկանում է իր նոր ակումբում վերամիավորվել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերի հետ։
Ինչպես հաղորդում է Goal-ը, «կապույտները» լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում 21-ամյա թուրք ֆուտբոլիստի նկատմամբ, իսկ տրանսֆերի գաղափարն ակտիվորեն առաջ է մղում հենց Ալոնսոն։
«Արքայական ակումբում» չեն ցանկանում հրաժեշտ տալ տաղանդավոր կիսապաշտպանին, ուստի նրա տրանսֆերի դիմաց կպահանջեն առնվազն 100 միլիոն եվրո։ Նշենք, որ Transfermarkt հեղինակավոր պորտալը Գյուլերի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Գյուլերը բոլոր մրցաշարերում «սերուցքայինների» կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 14 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն նախորդ տարվա հունիսին էր ստանձնել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը, սակայն արդեն հունվարին հեռացվել էր աշխատանքից։




























































