Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է, որ թիմի պաշտպան Դավիդ Ալաբան 2025/26 մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից։
33-ամյա ավստրիացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև հունիսի 30-ը և չի երկարաձգվի։ Ինչպես նշվում է, Լա Լիգայի վերջին տուրում Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ կայանալիք տնային խաղի ժամանակ տեղի կունենա փորձառու պաշտպանի հրաժեշտի հանդիսավոր արարողությունը։
«Ալաբան իր նվիրվածությամբ ու աշխատասիրությամբ արժանացել է բոլոր մադրիդիստների սիրուն։ «Ռեալը» միշտ կլինի նրա տունը»,- հայտարարել է «արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը։
Մադրիդյան ակումբում անցկացրած հինգ մրցաշրջանների ընթացքում Ալաբան մասնակցել է 131 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ։ Թիմի հետ միասին նա նվաճել է ընդհանուր առմամբ 11 տիտղոս, այդ թվում՝ երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և երկու անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում։
Հիշեցնենք, որ Ալաբան Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող է, քանի որ նախկինում այս տիտղոսին տիրացել է նաև Մյունխենի «Բավարիայի» կազմում։ Ֆուտբոլիստը ժամանակին հանդես է եկել նաև գերմանական «Հոֆենհայմում»:





















































