Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան արձագանքել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի վերջին աղմկահարույց հայտարարություններին՝ կապված իր խաղաժամանակի, մարզչի որոշումների և ակումբի ելույթների հետ:
Նախ Արբելոան հերքել է ֆրանսիացու այն պնդումը, թե մարզիչն իրեն անվանել է թիմի չորրորդ հարձակվող.
«Ես կցանկանայի չորս հարձակվող ունենալ, բայց չունեմ: Անգամ չգիտեմ՝ ինչ պատասխանել, որովհետև ես նրան երբեք նման բան չեմ ասել: Հավանաբար, նա ինձ սխալ է հասկացել: Ես ոչ մի պարագայում չէի կարող նրան ասել, որ ինքը չորրորդ հարձակվողն է»,- նշել է Արբելոան։
Մարզիչը նաև պարզաբանել է, թե ինչու Լա Լիգայի 36-րդ տուրի՝ «Օվյեդոյի» դեմ խաղում (2:0) Մբապեն մեկնարկային կազմում չէր և փոխարինման դուրս եկավ միայն 69-րդ րոպեին.
«Ինձ համար ակնհայտ է, որ ֆուտբոլիստը, որն ընդամենը չորս օր առաջ անգամ հայտացուցակում չկար, չպետք է այսօր մեկնարկային կազմում դուրս գար: Առավել ևս, որ սա եզրափակիչ կամ կենաց-մահու կռիվ չէր: Բացի այդ, Գոնսալոն հիանալի աշխատանք կատարեց, իսկ կիրակի մեզ ևս մեկ խաղ է սպասվում, որտեղ, ինչպես ես Մբապեին արդեն ասել եմ, նա հաստատ կլինի հիմնական հարձակվողը։ Եվ ևս յոթ օր անց նա կրկին, ամենայն հավանականությամբ, կլինի մեկնարկային կազմում»:
Արբելոան անպատասխան չի թողել նաև Մբապեի այն դիտարկումը, թե մրցաշրջանի առաջին հատվածում «Ռեալն» ավելի կառուցվածքային և լավ խաղ էր ցուցադրում:
«Մբապեն էլ մրցաշրջանի առաջին կեսում ավելի շատ գոլեր էր խփում»,- Yahoo Sports-ի փոխանցմամբ՝ հակադարձել է մասնագետը։
Խոսելով աստղային ֆուտբոլիստների հետ աշխատանքի առանձնահատկությունների մասին՝ «արքայական ակումբի» գլխավոր մարզիչն ընդգծել է.
«Ես իմ խաղացողներից չեմ ակնկալում այն, ինչ ինքս տվել եմ նրանց: Գիտեմ, թե ինչպես ենք մենք՝ ֆուտբոլիստներս, կառուցված: Ոչ ոք երբեք չի դադարում ֆուտբոլիստ լինելուց։ Ես հիանալի գիտակցում եմ՝ ինչ են նրանք զգում ու մտածում, հատկապես նման մակարդակի խաղացողները՝ հսկայական ամբիցիաներով ու մեծ էգոյով: Ես ունակ եմ ամեն ինչ հասկանալ և չէի փոխի իմ ասածներից կամ արածներից ոչինչ։ Ինչպես նաև չէի հրաժարվի նրանց պաշտպանելուց»։
Նշենք, որ «Օվյեդոյի» նկատմամբ տարած հաղթանակից հետո Մադրիդի «Ռեալը» վաստակել է 80 միավոր և Իսպանիայի առաջնության ավարտից երկու տուր առաջ ապահովել է երկրորդ հորիզոնականը:
Չեմպիոնի տիտղոսը ժամկետից շուտ նվաճել է կատալոնական «Բարսելոնան»: Իսկ Կիլիան Մբապեն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 42 հանդիպումներում դարձել է 41 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
























































