Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն Լա Լիգայի 36-րդ տուրի՝ «Օվյեդոյի» դեմ խաղից (2:0) հետո խոսել է թիմում իր ներկայիս կարգավիճակի, երկրպագուների սուլոցների և նախորդ հանդիպումները բաց թողնելու պատճառների մասին։ Այս խաղում ֆրանսիացի ֆուտբոլիստը փոխարինման էր դուրս եկել 69-րդ րոպեին։
Անդրադառնալով խաղաժամանակի պակասին՝ Մբապեն անսպասելի հայտարարություն է արել.
«Ես պատրաստ էի խաղադաշտ դուրս գալ մեկնարկային կազմում, բայց Արբելոան ինձ ասաց, որ այս պահին ես չորրորդ հարձակվողն եմ։ Ոչ մի սարսափելի բան չկա, պետք է ընդունել մարզչի որոշումները։ Ես ավելի տքնաջան եմ աշխատելու», — Մբապեի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆրանսիացին նաև հերքել է շրջանառվող լուրերը, թե Լա Լիգայի նախորդ երկու տուրերում («Էսպանյոլի» և «Բարսելոնայի» դեմ) ինքը չի խաղացել վնասվածքի պատճառով։
«Ես 100 տոկոսանոց մարզավիճակում եմ և պատրաստ եմ խաղալ։ Թե ինչո՞ւ չէի խաղում, հարցրեք մարզչին»,- ընդգծել է հարձակվողը։
Բացի այդ, աստղային ֆուտբոլիստն արձագանքել է տրիբունաներից հնչող քննադատությանը։ «Օվյեդոյի» հետ խաղի ժամանակ երկրպագուները սուլել էին նրա հասցեին։
«Մենք չենք կարող փոխել զայրացած մարդկանց կարծիքը։ Սա նրանց կարծիքն արտահայտելու ձևն է, և պետք չէ այն անձնավորել։ Ինձ շատ են սուլել։ Այդպիսին է «Ռեալի» ֆուտբոլիստի և ինձ պես հայտնի մարդու կյանքը, պետք է համակերպվել դրա հետ։ Սա պարզապես մարդկանց կարծիքն է, դրանից ոչ ոք չի մահանա։ Նորմալ է, որ մարդիկ մեղավորների են փնտրում, երբ մենք չենք հաղթում։ Այդպես է բոլոր ակումբներում»,- AS պարբերականի փոխանցմամբ՝ ասել է Մբապեն։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կիլիան Մբապեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով տպավորիչ արդյունք՝ 41 գոլ և 7 գոլային փոխանցում։
























































