Ֆրանսիական ՊՍԺ-ն շարունակում է ուղիներ փնտրել թիմի կազմն ուժեղացնելու համար։ Իսպանական հայտնի El Chiringuito հաղորդաշարի եթերում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Լիգա 1-ի գրանդը կապ է հաստատել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի ներկայացուցիչների հետ։
Միևնույն ժամանակ ընդգծվել է, որ փարիզյան ակումբի և Վալվերդեի շրջապատի միջև շփումը դեռևս չի նշանակում, թե ուրուգվայցին ցանկանում է հեռանալ «արքայական» ակումբից, կամ որ մադրիդյան թիմը մտադիր է վաճառել իր առանցքային ֆուտբոլիստին։
Նշենք, որ 27-ամյա Ֆեդերիկո Վալվերդեի տրանսֆերային արժեքը Transfermarkt պորտալը գնահատում է 120 միլիոն եվրո։ Ուրուգվայցի կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Վալվերդեն թիմակից Օրելիեն Չուամենիի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով տուգանվել էր 500 հազար եվրոյով։ «Ռեալի» կողմից նույնաչափ պատիժ էր սահմանվել նաև ֆրանսիացի ֆուտբոլիստի նկատմամբ։
























































