Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան Լա Լիգայի 35-րդ տուրում «Բարսելոնայից» կրած պարտությունից (0:2) հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Իսպանացի մասնագետն անդրադարձել է մի շարք առանցքային թեմաների՝ չեմպիոնությունը զիջելուն, վիճելի մրցավարությանը, Կիլիան Մբապեի վիճակին և ակումբում իր ապագային։
Արբելոան նախ շնորհավորել է կատալոնական ակումբին՝ երկրորդ տարին անընդմեջ Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ, ապա անկեղծացել, որ հասկանում է մադրիդիստների հիասթափությունը.
«Նախ և առաջ պետք է շնորհավորել «Բարսելոնային» չեմպիոնության կապակցությամբ: Ավելորդ խոսակցությունների կարիք չկա. մենք հասկանում ենք հիասթափության չափը: Ես լիովին հասկանում եմ «Ռեալի» երկրպագուների զայրույթը:
Այսօր մեր մրցաշրջանն ավարտվեց, բայց մենք իրավունք չունենք հանձնվելու: Մենք պաշտպանում ենք ավելին, քան պարզապես մեզ, մենք պաշտպանում ենք Մադրիդի «Ռեալի» զինանշանը: Մենք պետք է դասեր քաղենք այն փաստից, որ այս մրցաշրջանում չարդարացված շատ միավորներ կորցրինք։ Կարելի է խաղալ «Բարսելոնայի» դեմ և պարտվել, բայց ոչ այլ թիմերի հետ հանդիպումներում»,- նշել է մարզիչը:
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչը չի շրջանցել նաև հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբում տեղի ունեցած վիճելի դրվագը, երբ կատալոնացիների տուգանային հրապարակում Էրիկ Գարսիան արմունկով հարվածել էր Ջուդ Բելինգհեմի դեմքին, ինչի հետևանքով անգլիացու դեմքն արյունլվիկ էր եղել.
«Ինձ համար ակնհայտ էր, որ արմունկով հարված կար, և մենք դեռ պետք է հարցնենք, թե ինչու VAR համակարգը չմիջամտեց այս դրվագին»,- ընդգծել է Արբելոան:
Անդրադառնալով թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին, ով «Էլ Կլասիկոն» բաց էր թողել ծնկատակի ջլի հատվածում զգացած դիսկոմֆորտի պատճառով, մարզիչը նշել է, որ հարձակվողի վերադարձի հարցում դեռ հստակություն չկա:
«Մինչև մրցաշրջանի ավարտը մնացել է երկու շաբաթ։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե արդյոք նա կրկին ցավեր կզգա՞, թե՞ ոչ: Ես կցանկանայի, որ նա լիովին պատրաստ լիներ և կարողանար խաղադաշտ դուրս գալ առաջին իսկ րոպեներից»,- պարզաբանել է մասնագետը։
Խոսելով Մադրիդում իր ապագայի մասին՝ Արբելոան շեշտել է, որ ակումբի ղեկավարության հետ հանդիպում անպայման կկայանա.
«Դուք արդեն գիտեք, որ ամենայն հավանականությամբ, մենք զրույց կունենանք ակումբի ղեկավարության հետ, և դա նորմալ է: Բայց հիմա ես միայն մեկ ցանկություն ունեմ. որպեսզի թիմն արժանապատվորեն ավարտի մրցաշրջանը, և ողջ ուշադրությունս կենտրոնացած է հենց դրա վրա»:
Հիշեցնենք, որ այս խաղից հետո «Բարսելոնան» 91 միավորով դարձավ անհասանելի՝ ապահովելով չեմպիոնությունը, իսկ «Ռեալը» 77 միավորով շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:
























































