Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հաղորդագրությամբ իր ցավակցությունն է հայտնել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկին՝ հոր մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։
Գերմանացի մասնագետի հայրը կյանքից հեռացել է այսօր՝ մայիսի 10-ի վաղ առավոտյան։ Չնայած ընտանեկան ողբերգությանը՝ Ֆլիկը որոշել է մնալ թիմի հետ և չի բաց թողնի առաջիկա «Էլ Կլասիկոն»։
«Մադրիդի «Ռեալը», ակումբի նախագահն ու տնօրենների խորհուրդը խորապես ցավում են «Բարսելոնայի» մարզիչ Հանսի Ֆլիկի հոր մահվան կապակցությամբ։ «Ռեալն» իր ցավակցություններն ու զորակցությունն է հայտնում նրա ընտանիքին և բոլոր հարազատներին։ Թող նա հանգչի խաղաղությամբ»,- ասված է «արքայական ակումբի» տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» «Կամպ Նոու» մարզադաշտում կհյուրընկալի «Ռեալին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։
Սպասվում է, որ մեկնարկային սուլիչից առաջ մեկ րոպե լռությամբ կհարգեն Ֆլիկի հոր հիշատակը, իսկ կատալոնական թիմի ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան սգո թևկապներով։
Նշենք, որ «կապտանռնագույնները» 88 միավորով վստահորեն գլխավորում են Լա լիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ մադրիդցիները 77 միավորով երկրորդն են։ Եթե այսօրվա խաղում «Բարսելոնան» չպարտվի «Ռեալին», ապա ժամանակից շուտ կնվաճի Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։
























































