Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն սոցիալական ցանցերում արած ընդարձակ գրառմամբ վերջապես խախտել է լռությունն ու մեկնաբանել թիմակից Օրելիեն Չուամենիի հետ ունեցած միջադեպը։
Ուրուգվայցի ֆուտբոլիստը հերքել է ծեծկռտուքի մասին շրջանառվող լուրերը՝ վստահեցնելով, որ գլխի վնասվածքը ստացել է զուտ պատահականության արդյունքում։
Իր հայտարարության մեջ, որն արվել էր երեկվա իրադարձություններից հետո, Վալվերդեն նշել է, որ միջադեպի գլխավոր պատճառը կուտակված հոգնածությունն ու անհաջող մրցաշրջանից առաջացած հիասթափությունն են եղել.
«Նախորդ օրը մարզման ժամանակ ես միջադեպ ունեցա թիմակցիս հետ։ Հոգնածությունն ու հիասթափությունը հանգեցրին նրան, որ ամեն ինչ չափազանցվեց։ Սովորական հանդերձարանում նման բաներ պատահում են և, որպես կանոն, լուծվում են թիմի ներսում՝ չդառնալով հանրության սեփականությունը»։
Անդրադառնալով բուն կոնֆլիկտին, որը տեղի էր ունեցել երեկ, ուրուգվայցի կիսապաշտպանը պարզաբանել է.
«Երեկ մեր միջև կրկին թյուրըմբռնում առաջացավ։ Վիճաբանության ժամանակ ես պատահաբար գլուխս հարվածեցի սեղանին, ինչի հետևանքով ճակատիս փոքրիկ քերծվածք ստացա, և հիվանդանոց այցելելու անհրաժեշտություն առաջացավ։ Թիմակիցս ինձ չի հարվածել, ես էլ նրան չեմ հարվածել, թեև հասկանում եմ՝ ավելի հեշտ է հավատալ, որ մենք կռվել ենք կամ դա միտումնավոր է եղել։ Բայց նման բան չի եղել»։
Ֆուտբոլիստը նաև անկեղծացել է, որ Չեմպիոնների լիգայից դուրս մնալն ու առանց տիտղոսների մրցաշրջանը ծանր հարված են եղել իր համար, ինչն էլ հանգեցրել է նյարդային պոռթկման և անիմաստ վեճի։ Նա ներողություն է խնդրել ստեղծված իրավիճակի համար՝ նշելով, որ դա արատավորում է իր հեղինակությունն ու հորինված պատմությունների տեղիք տալիս։
Վալվերդեն խորն ափսոսանք է հայտնել, որ բժիշկների որոշման պատճառով չի կարողանա մասնակցել առաջիկա հանդիպմանը և նշել է, որ պատրաստ է համագործակցել ակումբի հետ ցանկացած որոշման հարցում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել հանդերձարանում տեղի ունեցած ծեծկռտուքի և Վալվերդեի՝ գանգուղեղային վնասվածք ստանալու մասին։
«Ռեալն» արդեն պաշտոնապես հայտարարել է, որ այս միջադեպի կապակցությամբ ակումբի ներսում երկու ֆուտբոլիստների նկատմամբ էլ կարգապահական վարույթ է հարուցվել։





















































