Մադրիդի քաղաքապետ և «Ատլետիկոյի» երկրպագու Խոսե Լուիս Մարտինես-Ալմեյդան կարծում է, որ Չեմպիոնների լիգայում իսպանական թիմի պարտության մեղավորն ՈւԵՖԱ-ն է:
Երեքշաբթի՝ մայիսի 5-ին, մրցաշարի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ատլետիկոն» նվազագույն՝ 0:1 հաշվով զիջեց «Արսենալին» և երկու խաղերի արդյունքով (1:2) դուրս մնաց տիտղոսի համար հետագա պայքարից:
«Երբ տեսա վիճակահանության արդյունքները, մտածեցի, որ մեզ բաժին է ընկել «Արսենալը»: Բայց ես սխալվեցի. մեզ բաժին էր ընկել խաղն ընդդեմ ՈւԵՖԱ-ի: Եվ ՈւԵՖԱ-ն հստակ հասկացրեց, որ չի ցանկանում տեսնել «Ատլետիկոյին» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում», — Մարտինես-Ալմեյդայի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Քաղաքապետը քննադատել է «Ատլետիկո» — «Արսենալ» հանդիպմանը որպես գլխավոր մրցավար, ինչպես նաև VAR-ի մրցավարներ գերմանացիների նշանակելու ՈւԵՖԱ-ի որոշումը.
«Անհասկանալի է գերմանացի մրցավար նշանակել այն դեպքում, երբ Իսպանիան և Գերմանիան պայքարում են Չեմպիոնների լիգայի 5-րդ ուղեգրի համար։ Երեկ կային դրվագներ, որոնք բացատրվում են ոչ թե մրցավարի վատ աշխատանքով, այլ, իմ կարծիքով, կանխապես կայացված որոշմամբ, որն ուղղված էր «Ատլետիկոյին» վնասելուն», — հավելել է նա:
Նշենք, որ խաղի ընթացքում գերմանացի գլխավոր մրցավար Դանիել Զիբերտը 11-մետրանոց չի նշանակել լոնդոնցիների պաշտպան Ռիկարդո Կալաֆիորիի կողմից մադրիդյան թիմի կիսապաշտպան Ջուլիանո Սիմեոնեի նկատմամբ հնարավոր խախտման համար՝ փոխարենը արձանագրելով խաղից դուրս վիճակ։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Արսենալը» կմրցի ՊՍԺ — «Բավարիա» զույգի հաղթողի հետ (առաջին խաղը ավարտվել է 5:4 հաշվով): Վճռորոշ հանդիպումը կկայանա մայիսի 30-ին Բուդապեշտի «Ֆերենց Պուշկաշ» մարզադաշտում:

























































