«Բարսելոնայի» նախկին լեգենդար ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Չավի Էռնանդեսը նշել է, թե ժամանակակից ֆուտբոլիստներից ովքեր են իրեն հիշեցնում սեփական խաղաոճը։
Սպասելի էր, որ նախկին կիսապաշտպանն առաջին հերթին կառանձնացնի «կապտանռնագույնների» ներկայիս աստղ Պեդրիին, սակայն նրա ցուցակում տեղ են գտել նաև անգլիական «Լիվերպուլի» արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիստերը և ֆրանսիական ՊՍԺ-ի պորտուգալացի ֆուտբոլիստ Վիտինյան։
«Պեդրին, Մակ Ալիստերը և Վիտինյան ամենաշատն են ինձ հիշեցնում ինքս ինձ։ Նրանք հիանալի են հասկանում խաղը։ Նրանց յուրաքանչյուր փոխանցում գիտակցված գործողություն է, և փոխանցման պահին նրանք արդեն մտածում են, թե ինչ են անելու հաջորդիվ։ Դրանք պարզապես փոխանցումներ չեն հանուն փոխանցման», — նշել է Չավին Ռոմարիոյին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ իսպանացին ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2019 թվականին։ Իսկ «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը նա լքել է երկու տարի առաջ՝ 2024 թվականի մայիսին։


























































