Իսպանական Սեգունդայի 37-րդ տուրի շրջանակում կայացած «Ուեսկա» — «Սարագոսա» հանդիպման (1:0) վերջնամասն աչքի է ընկել սկանդալային և կոպիտ միջադեպով: «Սարագոսայի» դարպասապահ Էստեբան Անդրադան կորցրել է ինքնատիրապետումը և բռունցքով հարվածել է «Ուեսկայի» ֆուտբոլիստ Խորխե Պուլիդոյի դեմքին:
Միջադեպը տեղի է ունեցել երկրորդ խաղակեսին ավելացված ժամանակում: Նախ Անդրադան հրել է մրցակցին, ինչի համար արժանացել է դեղին քարտի: Քանի որ դա նրա համար երկրորդ զգուշացումն էր, դարպասապահը հեռացվել է խաղադաշտից: Չհամակերպվելով մրցավարի որոշման հետ՝ արգենտինացի դարպասապահն անմիջապես հարվածել է Պուլիդոյի դեմքին, ինչն էլ խաղադաշտում զանգվածային ծեծկռտուքի ու քաշքշուկի պատճառ է դարձել:
Կրքերը հանդարտեցնելուց և VAR-ի համակարգի օգնականների հետ խորհրդակցելուց հետո, գլխավոր մրցավարը խաղադաշտից հեռացրել է ևս երկու ֆուտբոլիստի՝ «Ուեսկայի» դարպասապահ Դանի Խիմենեսին և «Սարագոսայի» պաշտպան Դանի Տասենդեին:
Ինչպես հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները, Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կանոնագրքի համաձայն՝ Էստեբան Անդրադային այժմ սպառնում է բավականին խիստ պատիժ՝ 4-ից մինչև 12 խաղով որակազրկում:
Հիշեցնենք, որ լարված պայքարում ընթացած հանդիպումն ի վերջո ավարտվել է դաշտի տերերի՝ «Ուեսկայի» նվազագույն հաղթանակով:



























































