Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրի շրջանակում կայացած «Յուվենտուսի» դեմ տնային հանդիպման (0:0) ժամանակ «Միլանի» երկրպագուները սուլել են թիմի հարձակվող Ռաֆայել Լեաուին, հայտնում է Football Italia-ն։
Նմանատիպ միջադեպ գրանցվել էր նաև երկու շաբաթ առաջ, երբ միլանյան ակումբը սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվել էր «Ուդինեզեին»։
«Յուվենտուսի» դեմ խաղում 26-ամյա պորտուգալացին փոխարինվեց 80-րդ րոպեին՝ իր տեղը զիջելով Քրիստոֆեր Նկունկուին։ Երբ Լեաուն դաշտի հակառակ կողմից քայլում էր դեպի պահեստայինների նստարանը, «ռոսոներիների» երկրպագուների մեծ մասը նրան սուլոցներով ճանապարհեց։ Ֆուտբոլիստը շրջանցեց ամբողջ խաղադաշտը և մոտեցավ նստարանին, որտեղ թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ափով հարվածեց նրա ձեռքին և ասաց. «Ապրես»։
Նշենք, որ Լեաուն Ա Սերիայում գոլի հեղինակ չի դարձել մարտի 1-ից։ Այնուամենայնիվ, նախորդ շաբաթ «Վերոնայի» դեմ կայացած խաղում նա գոլային փոխանցում էր կատարել Ադրիեն Ռաբյոյին, որի գոլը հաղթական էր դարձել թիմի համար։ Բացի այդ, «Յուվենտուսի» հետ հանդիպմանն էլ պորտուգալացին առանցքային փոխանցում էր կատարել թիմակցին՝ Ալեքսիս Սալեմակերսին, որը նպաստավոր դիրքից հարվածել էր դարպասաձողին։
Ընդհանուր առմամբ, 2025/26 մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։



























































