«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն արդեն իսկ ծրագրում է թիմի անելիքներն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Թեև գերմանացի մասնագետը տպավորված է Լա Մասիայի սաների խաղով, այնուամենայնիվ նա գտնում է, որ կատալոնական թիմին փորձ է պակասում։ Ինչպես հաղորդում է իսպանական Sport պարբերականը, Ֆլիկն ակումբի ղեկավարությունից պահանջել է ձեռք բերել 26-ից 28 տարեկան առնվազն մեկ ֆուտբոլիստի: Մարզչի կարծիքով՝ հենց միջին տարիքի այս խաղացողներն են դառնալու այն կարևոր կապող օղակը, որն անհրաժեշտ է երիտասարդ տաղանդների և թիմի վետերանների միջև։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Բարսելոնան» ավարտեց ելույթները Չեմպիոնների լիգայում՝ քառորդ եզրափակիչի շրջանակներում զիջելով Մադրիդի «Ատլետիկոյին»։ Չնայած դրան՝ Լա lիգայում կատալոնացիները շարունակում են վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը. առաջնության ավարտից ընդամենը յոթ տուր առաջ նրանք 9 միավորով գերազանցում են Մադրիդի «Ռեալին»։



























































