Իտալական «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն հնարավոր է կարիերան շարունակել Իսպանիայում։ Ինչպես հաղորդում է El Nacional-ը, կատալոնական «Բարսելոնային» առաջարկվել է այս ամռանը ձեռք բերել պորտուգալացի ֆուտբոլիստին։
Աղբյուրի համաձայն՝ «ռոսոներիները» պատրաստ են դիտարկել իրենց հարձակվողին կատալոնացիների խաղացող Ֆերան Տորեսի հետ փոխանակելու տարբերակը։ Նշվում է, որ միլանյան ակումբում բարձր են գնահատում իսպանացի ֆուտբոլիստի ունիվերսալությունը և նրան տեսնում են իրենց թիմի կազմում։
Վիճակագրության համաձայն՝ ընթացիկ մրցաշրջանում Ռաֆայել Լեաուն «Միլանի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագրի ժամկետը իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Ինչ վերաբերում է Ֆերան Տորեսին, ապա նա այս մրցաշրջանում «Բարսելոնայի» մարզաշապիկով մասնակցել է 44 հանդիպման, խփել 19 գնդակ և կատարել 2 գոլային փոխանցում։ Իսպանացու պայմանագրի ժամկետը կատալոնական գրանդի հետ լրանում է 2027 թվականի հունիսի 30-ին։






















































