Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Խոսելուն, ամենայն հավանականությամբ, կվերադառնա եվրոպական ֆուտբոլ։ Ինչպես X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հայտնում է ինսայդեր Մատեո Մորետոն, փորձառու ռմբարկուի ծառայություններով արդեն իսկ հետաքրքրված են մի քանի ակումբներ:
Խոսելուի գործող պայմանագրի ժամկետը կատարական «Ալ-Ղարաֆայի» հետ սպառվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին, ինչից հետո նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ: Սա նշանակում է, որ Չեմպիոնների լիգայի գավաթակիրը նոր թիմին կկարողանա միանալ բացարձակապես անվճար հիմունքներով։
Ըստ աղբյուրի՝ առաջիկա շաբաթների ընթացքում ֆուտբոլիստը վերջնական որոշում կկայացնի իր կարիերայի հաջորդ քայլի վերաբերյալ:
Հավելենք, որ այս մրցաշրջանում կատարական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 22 հանդիպումներում Խոսելուն դարձել է 9 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:



























































